Panda Yerevan

Պատրա՞ստ եք վայելել լավ ընկերական միջավայրն ու ցրվել առօրյա թոհուբոհից:
Ուրեմն վերափոխված Panda Hookah լաունջ-բարը հենց այն վայրն է, ուր պետք է գնաք:
Նախկին Panda Hookah-ն այժմ ոչ միայն նարգիլեի վայր է: Եվ ահա, թե ինչպես են Futuris Architects ստուդիայի դիզայներները իրականացրել դիզայնի կոնցեպտը։

Լոֆթ ոճը գերակշռում է ինտերիերում, սակայն դիզայներները փորձել են պահպանել մինիմալիստական ոճը՝ ընտրելով սև, սպիտակ և մոխրագույն գույները:
Երբ Panda Yerevan-ի գործադիր տնօրեն Ջոնին հարցրին հին Պանդայի և նորի հիմնական տարբերության մասին, նա ասաց. «Հին Panda-ն հիմնադրվել է 2018 թվականին, և հիմնական շեշտը նարգիլեի վրա էր։ Ժամանակը թռչում է, և ամեն ինչ փոխվում է: Այժմ մարդիկ ավելի հաճախ են բացահայտում խոհանոցները: Ահա թե ինչու մենք անցում կատարեցինք դեպի բար և խոհանոց, իսկ նարգիլեն մղվեց դեպի 2-րդ պլան»:

Հենց մտնում եք ներս, առջևում դիզայնի հիմնական տարրերից մեկի հոյակապ տեսարանն է բացվում՝ բարը:
Շողալով մանուշակագույն նեոնային լույսերով՝ այն գրավում է այցելուների ողջ ուշադրությունը:
Հսկայական և թվում է, թե մի ծանր ջահ կախված է բարի հենց կենտրոնական մասում: Ջահի ձևը հնշեցնում է ասիական մեծ գլխարկ: Եվ ահա թե որն է ոգեշնչման աղբյուրը:

Նայեք և կնկատեք, որ ինտերիերում արտացոլված է Ասիայի ներկայությունը։ Ընդհանրապես, դիզայներները ճապոնական շունչը հաղորդել են դեկորների միջոցով, ինչպիսիք են Սկուրա ծաղիկները կամ փոքրիկ դեկորատիվ պատը, որի ոգեշնչումը ճապոնական դռներն են, էլ չենք խոսում գերժամանակակից ճապոնական խոհանոցի մասին, որը լի է համեղ ուտեստներով:

Րելսային լույսերը ապահովում են հիմնական լուսավորությունը: Մետաղական ջահերը, որոնք նման են չորացած տերևների, ավելի շուտ ոչ թե ապահովում են հիմնական լուսավորությունը, այլ դեկորատիվ բնույթ են կրում:
Ֆոնային լուսավորությունը լաունջի կարևոր առանձնահատկություններից է: Ընտրված երկու ֆոնային լուսավորություններ են սպիտակն ու մանուշակագույնը:

Դիզայներները ցանկացել են պահպանել մինիմալիստական ոճը և ավելացնել սպիտակ շեշտադրումներ՝ ինտերիերը լուսավորելու համար: Wall Deco ընկերության հետ համագործակցությունն իրականացրեց նրանց գաղափարները։ Անհատական պատվերն էր արտադրել Պանդայի լոգոները և տեղադրել այդ խորաքանդակները միմյանց դիմաց: Սպիտակ գույն, սպիտակ լույսեր և ինտերիերը լուսավորվեց:
Հատակը ծառայում է որպես գոտիավորման տարր բարի և ամբողջ միջավայրի միջև: Կարևոր էր ընտրել այնպիսի նյութ, որը կլինի երկարակյաց․ չէ՞ որ այստեղ հաճախ են նարգիլե օգտագործում։ Այդ նպատակով ընտրվել է կերամոգրանիտ։

Նորություն չէ, որ լաունջ-բարերի հիմքը հարմարավետությունն է: Այդ նպատակով դիզայներները նստատեղերի համար ընտրել են փափուկ բազմոցներ՝ փափուկ բարձերով ու ստեղծել հարմարավետ ու կոկիկ անկյուններ։
Սեղանի երեսները փայտյա են, իսկ ոտքերը՝ մետաղական։ Ի դեպ, դրանք բավականին ծանր են և գրեթե անհնար է տեղաշարժել:

Բայց այն, ինչ իսկապես հնարավոր է այստեղ, դա ընկերական ջերմ մթնոլորտում հիանալի ժամանց ունենալն է, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը: