Ինտերիեր Դիզայնի 10 գաղտնիք

Ինտերիեր Դիզայնի 10 գաղտնիք, որ պետք է իմանա յուրաքանչյուրը (07.14.2020)

Ինտերիեր դիզայնն ունի իր գրված ու չգրված օրենքները։ Դիզայնի բարդ գործընթացում կան գաղտնիքներ, որոնց իմացությունը կօգնի ձեզ ավելի ճիշտ և դիպուկ ընտրություն կատարել ցանկացած տեսակի ինտերիերի ձևավորման ժամանակ։ Այս անգամ միասին կբացահայտենք դրանցից մի քանիսը։

Ճաշասենյակում աթոռները կարող են տարբեր լինել

Մարդկանց մեծ մասը կարծում է, թե ճաշասենյակում սեղանն ու աթոռները պետք է լինեն նույնը։ Այդ իսկ պատճառով էլ հիմնականում գնում են ամբողջական փաթեթներ։ Բայց ինտերիերն ավելի հետաքրքիր տեսք կստանա, եթե ճաշասենյակում օգտագործեք երկու տարբեր տեսակի և ոճի աթոռներ։ Դրանք սեղանից տարբեր կարող են լինել՝ արդյունքում ստեղծելով հետաքրքիր գունային համադրությունը։ Չէ՞ որ երբեմն պետք է շեղվել ավանդական պատկերացումներից։

Առաստաղները նույնպես հնարավոր է ձևավորել

Իսկ ո՞վ ասաց, որ ձևավորում են միայն պատերը կամ տան անկյուններն՝ առանձին դեկորներով։ Այսօր լայնորեն կիրառվում են առաստաղների ձևավորման բազմաթիվ տարբերակներ, ինչպես 3Դ պանելները, մոլդինգներն ու կարնիզները։

Լոգարանում կարող են օգտագործվել նաև կտորից գորգեր

Առաջին բանը, որը կանցնի ձեր մտքով, վստահաբար այն է, որ լոգարանը խոնավ տարածք է, ուրեմն էլ ինչպե՞ս կարելի է այնտեղ կտորից գորգ օգտագործել։ Սակայն կան բարձրորակ գորգեր, որոնք խոնավադիմացկուն են և կարող են փոխարինել լոգարանում հաճախ կիրառվող փոքրիկ գորգերին։ Այդպիսիք են, օրինակ, տիբեթյան գորգերը, որոնք լոգարանին ավելի էլեգանտ տեսք են հաղորդում։

Բազմոցի առկայությունը հյուրասենյակում պարտադիր չէ

Սա նույնպես մեկն է այն բազմաթիվ չգրված օրենքներից, որոնք այդքան հայտնի են ինտերիեր դիզայնում։ Պարտադիր չէ հյուրասենյակում բազմոց ունենալը։ Փոխարենը կարելի է օգտագործել փափուկ, շարժական աթոռակներ։ Դրանք հնարավոր է հաճախ տեղաշարժել և փոխել սենյակի ընդհանուր պատկերը։ Կարևորն այն է, որ հյուրասենյակում մթնոլորտը տրամադրող լինի։

Համադրեք հին ու նոր դեկորները

Ինտերիեր դիզայնում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել հնաոճ և նորաոճ իրերի համադրությունը։ Այն օգնում է մի քիչ շեղվել ընդունված չափանիշներից։ Հնաոճ աթոռները, պատերի դեկորները, օրինակ, գեղեցիկ են նայվում նորաոճ կահույքի հետ համադրելիս։

Ստեղծեք առանցքային կետ

Ցանկացած միջավայրի ինտերիերում պետք է լինի մի բան, որն առաջինը ուշադրություն կգրավի։ Հենց դա էլ անվանում ենք առանցքային կետ։ Հաճախ սենյակը լիքն է լինում տարբեր իրերով և թվում է, թե դրա համար տեղ չի մնացել։ Բայց առանցքային կետ միշտ էլ կարելի է ստեղծել։ Այն կարող է լինել, օրինակ, ձեր հյուրասենյակի բուխարին կամ պարզապես պատից կախված կտավը։ Կարող եք պատերը ձևավորել պաստառներով, որոնք հետաքրքիր տեքստուրային ոճ կհաղորդեն սենյակին։

Համադրեք կոշտ և հարթ մակերեսով իրերը

Մարդիկ սովորաբար խուսափում են բարդություններից, և նույնն էլ տեղի է ունենում ինտերիեր դիզայնում։ Ավելի հեշտ է ընտրել այնպիսի դեկորներ և իրեր, որոնք իրենց գույնով ու ոճով համապատասխանում են սենյակում արդեն առկա որևէ առարկայի կամ հենց նույնից են։ Բայց ինտերիերի հիմնական գաղտնիքն էլ հենց այն է, որ կարողանաս ստեղծել կտրուկ ու տպավորիչ անցումներ։ Դիզայներները խորհուրդ են տալիս համադրել, օրինակ, վառ արտահայտված փայտե տեքստուրան մետաքսի հետ։ Այն կօգնի խուսափել միատոն միջավայրի ձանձրույթից։

Օգտագործեք նույն գույնի մի քանի երանգ

Սա, թերևս, լավագույն մեթոդներից մեկն է ինտերիեր դիզայնում։ Երբ օգտագործում եք միևնույն գույնի մի քանի տարբեր երանգներ, ձեր միջավայրը ստանում է ավելի փայլուն ու ակնառու տեսք։ Իրար ամենամոտ գտնվող երանգները հերթով դասավորեք, որ ստանաք հանգստացնող պատկեր, հետո կարող եք անցնել որևէ տեքստուրայի կամ նախշի՝ ամբողջացնելով դիզայնը։

Ուշադրություն դարձրեք հատակին

Շատերը կարծում են, թե հատակի տեսքն այդքան էլ կարևոր չէ, և աչքաթող են անում։ Իրականում, հատակի ձևավորումը նույնքան կարևոր է, որքան առաստաղինը։ Եթե հատակը աչքի ընկնող նախշերով ու երկրաչափական պատկերներով է, ուրեմն փորձեք ընտրել հնարավորինս չեզոք տեսքով իրեր այդ սենյակում դնելու համար։ Եվ ազատեք հատակն ավելորդ իրերից։ Թող այն երևա իր ողջ գեղեցկությամբ։

Ճաշասենյակում չափսերը ճիշտ ընտրեք

Կարևոր է հասկանալ, թե ինչ չափսի ճաշասեղան է անհրաժեշտ, որ հնարավորինս հարմար լինի նստելն ու ընթրելը։ Իդեալական ճաշասեղանը պետք է ունենա 74սմ բարձրություն և 75սմ հեռավորություն պատից, որ հեշտ լինի կանգնելն ու շարժվելը։ Աթոռներն էլ չպետք է շատ բարձր լինեն։ Մի մոռացեք, որ սնվելիս ձեր նստելու դիրքը կարող է ազդել թե ախորժակի, թե տրամադրության վրա։