Դեկորատիվ Պանելները

Ինչպե՞ս ճիշտ տեղադրել դեկորատիվ պանելները (02.20.2021)

Վերանորոգման աշխատանքների լավագույն արդյունքը ապահովում է մի քանի կարևոր հանգամանք ։ Թերևս դրանցից ամենակարևորն է ընտրված նյութերի և ապրանքների ճիշտ տեղադրումը ։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր թիմը որոշեց ձեր ուշադրությանը ներկայացնել մեր կողմից պատրաստված մի նյութ , որտեղ ամենայն մանրամասնությամբ կնկարագրվի մեր ապրանքատեսականու տեղադրման վերաբերյալ ինֆորմացիա ։

Եվ այսպես՝ թվարկենք տեղադրման համար անհրաժեշտ գործիքները՝ դույլ, վրձիններ, սպունգ, մանր ատամներով սղոց, ածելի դանակ, տարբեր չափերի շուշաթուղթ (N220 խտությամբ, N60 խտությամբ ՝ կոպիտ շուշաթղթի համար), խառնիչ, պտուտակներ, պտուտակահան, լազերային հարթաչափ, պրոֆիլ, դյուբել-մեխ, հարթ և ատամնավոր շպատել, ռետինե շպատել:

Տեղադրման ընթացքը ճիշտ սկսելու համար նախ և առաջ ահրաժեշտ է նախապատրաստել տարածքը և դասավորել անհրաժեշտ պարագաները: Հատակին փռում ենք փափուկ կտոր կամ ստվարաթուղթ, որպեսզի պանելները դրվեն վրան: Նախնական՝ պանելների տուփերը ուղղահայաց հենում ենք պատին այնպես, որ չընկնեն: Տուփերը հորիզոնական վիճակում խորհուրդ չի տրվում դնել: Անցնենք պատի նախապատրաստմանը:

Սովորաբար, տեղադրումը սկսվում է հատակից, սակայն հավասարության համար հատակը հիմք չենք կարող վերցնել: Անհրաժեշտ է ստանալ հարթ, ուղիղ գիծ: Այն ստանալու համար պատին ամրացնում ենք պրոֆիլ, լազերային կամ սովորական հարթաչափով ստուգում ենք հավասարությունը: Եթե տարածքը վերանորոգման մեջ է , նախապես պատվիրատուի հետ պետք է համաձայնեցնել, թե արդյոք տեղադրվելու են շրիշակներ (պլինտուսներ): Եթե այո՛, ապա թողնում ենք համապատասխան բարձրությամբ տարածություն: Եթե պատը հարթ է, պատրաստ է, անցնում ենք հաջորդ փուլին, այն է՝ մաքրել պատը փոշուց և վերամշակել նախաներկով: Թողնում ենք պատը չորանա:

Այդ ընթացքում պատրաստում ենք նյութը, որով ամրացնելու ենք դեկորատիվ պանելները: 3D պանելների տեղադրման համար օգտագործում ենք գիպսային ծեփամածիկ: Վերջինս մեր պանելների հետ միաձուլվում է՝ դառնալով մեկ մարմին, քանի որ երկուսն էլ գիպսային հիմքով են, ստացվում է հրաշալի համադրություն: Գիպսային ծեփամածիկի կպչողականությունը բավարար է, շուտ չի չորանում, կարող եք հեշտ աշխատել, հետևաբար ավելորդ թափոն չի լինում: Գիպսային ծեփամածիկը բացում ենք ջրով այնքան, որ ստացվի միջին խտության զանգված: Խառնուրդի կպչողականությունը թույլ է ստացվում ջրիկ լինելու դեպքում, իսկ պինդի դեպքում շուտ է քարանում և բարդ է աշխատել: Քսում ենք ծեփամածիկը ատամնավոր դանակով (շպատել) :

Կարևոր է քսել և՛ պատին, և՛ պանելին: Ծեփամածիկի ատամնավոր դանակը օգնում է, որ պատի և պանելի միջև ստեղծվի անօդ տարածություն, որի շնորհիվ պանելը կիպ ամրանում է պատին: Գիպսային ծեփամածիկով կարող եք ծածկել պատի որոշակի մակերես և մեկը մյուսի հետևից տեղադրել 3D պանելները: Սակայն նկատի ունեցեք, որ ծեփամածիկը չի թույլատրվում թողնել պատին քսած երկար ժամանակ , թողեք մոտավորապես 30 րոպեից 1 ժամ:

Սկսում ենք տեղադրման ընթացքը: Զգուշությամբ բացենք տուփերը և հանենք փաթեթավորված 3D դետալները: Դետալը դնում ենք հատակին նախապես փռված փափուկ կտորի կամ ստվարաթղթի վրա:

Տեղադրում ենք ձախից աջ շարվածքով՝ հաշվի առնելով անկյունային կտրվածքները: 3D պանելները, որպես կանոն կտրվում են և անհրաժեշտ է այնպես անել, որ նախշերը համընկնեն և առաջին հայացքից պատին չերևան՝ չնայած, որ կարերը հետո մշակվում են: Եթե պատը ուղիղ չէ, կան թեքություններ, ապա անկյուններում ձեռքով ավարտին ենք հասցնում նախշերը գիպսի վրա: Խորաքանդակների դեպքում այլ է: Նրանք պատրաստվում են հստակ պատի չափերով՝ մմ –ի ճշգրտությամբ, կտրվածքի խնդիր չի առաջանում: Այս դեպքում դետալները համարակալված են, տեղադրվում են ըստ տրված գծագրի: Անհրաժեշտ է համարակալված դետալները դասավորել հարթ մակերեսի վրա, որպեսզի ընդհանուր պատկերը տեսնեք և ճիշտ տեղադրեք:

Ծեփամածիկը քսում ենք պատին 10 սմ երկարությամբ շպատելով (օրինակ՝ 1 մք մակերեսով): Ատամնավոր շպատելի ատամիկների հեռավորությունը պետք է լինի 1 սմ, որը թույլ է տալիս դետալը պատի վրա հեշտությամբ շարժել և ավելի ամուր արդյունք ստանալ: 1 մք մակերեսի համար անհրաժեշտ է մոտավորապես 3 կգ գիպսային ծեփամածիկ:

Դետալների վրա հերթով քսում ենք ծեփամածիկը և տեղադրում պատին: Լազերային հարթաչափով ուղղություն ենք պահում ձախ կողմից, որպեսզի շարվածքը ճիշտ լինի:

Որոշակի դեպքերում կարիք է լինում նաև ամրացնել դյուբել-մեխերով: Այս տարբերակը բարդ և ծանր դետալների դեպքում է կիրառվում: 3Դ պանելների առաստաղներին տեղադրման դեպքում այն անհրաժեշտ է:

Դեկորատիվ պատի արտաքին մշակում

Հասանք տեղադրման ընթացքի ամենապատասխանատու փուլին, այն է՝ կարերի մշակումը: Ամբողջ պատը տեղադրելուց հետո սկսում ենք լցնել պանելների հատման կետերը՝ կարերը: Կարերը լցնում ենք գիպսային ծեփամածիկով ռետինե շպատելի օգնությամբ կոկիկ ձևով: Դրանից անմիջապես հետո խոնավ սպունգով մաքրում ենք, որպեսզի դետալի արտաքին մակերեսին ավելորդ ծեփամածիկ չմնա: Հակառակ դեպքում՝ շուշաթղթով հղկելիս կփչացնենք 3Դ դետալները, քանզի մեր դետալները ավելի շուտ են հղկվում, քան ծեփամածիկը, որը պայմանավորված է ծեփամածիկի մեջ սոսնձի առկայությամբ: Այն շուտ միաձուլվում է 3Դ դետալի հետ և հետո այն մաքրելու համար ջանքեր են պետք: Եթե կոկիկ չլինի, վստահ եղեք՝ վերջում կարերը երևալու են: Յուրաքանչյուր անգամ մաքրելիս սպունգը և ջուրը պետք է մաքուր լինեն ավելորդ հետքերից խուսափելու համար: Մշակելուց հետո լույսով մանրակրկիտ զննենք:

Կարերը հղկում ենք N220 շուշաթղթով. հատիկները մանր են, ոչ շատ կոպիտ: Չմոռանանք, որ գործ ունենք նախշերի հետ, գործողությունը պետք է թույլ և շատ ուշադիր անել, որ նախշերը չվնասվեն: Նուրբ աշխատանք է, ինչ խոսք, և պետք է ձեռքի հատուկ շարժումներով շուշաթղթել: Պատկերացրեք, որ առնչվում եք արվեստի հետ:.

Վերջնական փուլ

Կարերը մշակելուց հետո թողնում ենք չորանա և անցնում ներկելու ընթացքին: Սկզբում փչում ենք նախաներկ: Նախաներկը կարող է լինել և՛ սպիտակ, և՛ արդեն ընտրված ներկի գույն: Նախ թողնում ենք չորանա, մոտավորապես 2-3 ժամ՝ կախված նյութից: Նախաներկից հետո կարերը շարունակում ենք վերամշակել մելային ծեփամածիկով: Մելային ծեփամածիկի մեջ հատիկները ավելի մանր են և ավելի սպիտակ: Այն օգտագործվում է աշխատանքները վերջնականացնելու համար: Մելային ծեփամածիկի կպչողականությունը ավելի թույլ է, արագ է հղկվում, ավելորդ ջանք չի պահանջվում: Այս ծեփամածիկով մանր անցքերը ավելի լավ են փակվում: Հետո նորից փչում ենք նախաներկ, որպեսզի ամեն ինչ միաձուլվի: Մուգ գույներ ստանալու համար ցանկալի է՝ նախաներկը լինի ներկի գույն:

Բոլոր շտկումները վերջացնելուց հետո կատարում ենք վերջնական ներկելու աշխատանքները: Առաջին անգամ ներկը փչելուց հետո կրկին նայում ենք՝ արդյոք վերջնական ուղղումներ անելու կարիք կա թե ոչ: Եթե կան՝ շտկումներից հետո նորից ներկեք իր ներկով: Թողնում ենք ներկը չորանա, և վերջ, տան ամենաարտահայտիչ պատը պատրաստ է կատարյալ որակով:

Այն դեպքում, երբ տանը կամ տվյալ տարածքում շարունակվելու են վերանորոգման աշխատանքները, ապա 3Դ դեկորատիվ պատը հերմետիկ փակեք տան ներքին աշխատանքների համար նախատեսված պաշտպանիչ թաղանթով, որ ընթացքում չվնասվի:

Կտրվածքներ

3Դ պանելները որպես կանոն կտրվում են: Եթե աջ կողմում կտրվածքի կարիք կա, զգուշությամբ սղոցով կտրեք: Դետալը դրեք հարթ մակերեսի վրա և կտրեք այնպես, որպեսզի չվնասվի: Կտրած հատվածը շինարարական հատուկ քերիչով հարթեցրեք և շուշաթղթեք:

Եթե պատին լինելու են վարդակներ, անհրաժեշտ է նախապես չափել բարձրությունը հատակից, ձախ և աջ կողմերից: Այնուհետև վարդակի համապատասխան չափով կտրեք պանելի այդ հատվածը այնպես, որ դետալը չկոտրվի: Աշխատում ենք նուրբ և զգույշ, դանակի և փոքր սղոցի օգնությամբ: Վարդակները անհրաժեշտ է ընտրել նախապես, քանի որ, կախված դետալի դիզայնից, նախշերի բարդությունից, կարող է խնդիր առաջացնել տեղադրման ընթացքում: Որոշեք նաև՝ վարդակը դետալից դեպի ներս, թե դուրս պետք է տեղադրվի:

Պատի վրա լույսերի տեղադիրքը նույնպես նախապես ընտրեք, որպեսզի հոսանքի լարերը դուրս թողնեք պանելների վրայից:

Տեղադրում արդեն վերանորոգված և կահավորված տարածքում

Այս իրավիճակում անպայման տվյալ տան, սենյակի կամ տարածքի իրերը փակում ենք տան ներքին աշխատանքների համար նախատեսված պաշտպանիչ թաղանթով բոլոր կողմերից՝ ձախ և աջ կողմերից, առաստաղը և հատակը: Սա արվում է տեղադրման ժամանակ տան կահավորանքը և վերանորոգումը փոշուց և ներկից պաշտպանելու համար: Այստեղից հարց է առաջանում , թե ինչ վիճակում պետք է լինի պատը: Արդյո՞ք հնարավոր է արդեն ներկված պատի վրա աշխատել: Այսպես. Տեղադրումը, իհարկե, հնարավոր է անել, բայց կան մի քանի աշխատանքներ, որ պետք է տարվեն: Կախված ներկի տեսակից՝ կարիք կլինի շուշաթղթել պատը կամ քերծել մակերեսից, ապա նոր սկսել տեղադրումը: Եթե պատը գիպսաստվարաթղթից է, նույնպես տեղադրումը խնդիր չէ:

Մնացած դեպքերում 3Դ պանելները կամ խորաքանդակները տեղադրելու համար նախընտրելի է հարթ, գաջած պատը:

Ո՞ր դեպքերում կարող է 3Դ դեկորատիվ պատը ճաքել.

Մեր արտադրանքը որակապես բարձր է, բացառում ենք անմիջապես 3Դ դեկորատիվ պատի ճաքելու հավանականությունը: Սակայն պատը կարող է ճաքել հիմքից և պատճառ դառնալ 3Դ պանելի ճաքելուն:

Ո՞ր դեպքում կարող է ճաքել պատը

1. երբ պատը ցնցման մեջ է, օրինակ` Ձեր կողքի հարևանը շինարարական գործ է անում, տակի հարևանը առաստաղն է ծակում, կամ վերևի հարևանը հատակն է նորոգում: Այս ամենի հետևանքով, եթե 3Դ պանելներով հավաքված պատը շարժման մեջ մտավ, ապա կարերի հատվածում կարող է ճաք առաջացնել, բայց ինքը՝ դետալը չի ճաքի

2. եթե պատը ներսից ճաքի, կարող է նույն ուղղությամբ կոտրել 3Դ պանելը

3. եթե շենքը նորակառույց է, այն ժամանակի ընթացքում, ամրանում է: Այդ ընթացքում պատի տատանման դեպքում 3Դ դեկորատիվ պատը կարող է վնասվել:

ԻՆչպե՞ս վերամշակել ճաքած 3Դ դեկորատիվ պատը

Եթե Ձեր դեկորատիվ պատը ունի ճաք վերևում նշված պատճառներով, ապա առաջարկում ենք լուծում իրավիճակը շտկելու համար: Ճաքած մասը կարող եք փորել, լցնել պինդ, բարձր որակի և բարձր կպչողականություն ունեցող ծեփամածիկ՝ նախատեսված հատուկ կարերի համար: Այստեղ գործի ենք դնում քանդակագործի հմտությունները և փորձում ամբողջացնել փորված մասի նախշերը: Դրանից հետո հղկել կարերը և մելային ծեփամածիկով փակել մնացած մանր անցքերը, ապա փչել նախաներկ: Եթե ամեն ինչ հարթ է, պատրաստ է վերջնական ներկում ենք ամբողջական պատը:

Ձեզ ներկայացրինք տեղադրման ընթացքի ողջ մանրամասները: Հուսով ենք տեղեկատվությունը օգտակար կլինի: