Ինչպե՞ս ձևավորել հյուրասենյակի պատերը

Ինչպե՞ս ձևավորել հյուրասենյակի պատերը. 5 տարբերակ

Հյուրասենյակը յուրաքանչյուրի տան, թերևս, ամենակարևոր հատվածն է, ուստի հարկավոր է դրա ձևավորմանը մեծ ուշադրություն դարձնել։ Ժամանակակից ինտերիեր դիզայնում օրեցօր փոփոխվում են թրենդները, առաջ են գալիս մեկը մյուսից հետաքրքիր ու բովանդակալից տարբերակներ։ Հատկապես էական նշանակություն ունեն պատերը, որոնք առաջին հայացքից գրավում են ներս մտնողի ուշադրությունը։ Wall Deco-ն, շուրջ 7 տարի հմտանալով ինտերիերի գաղտնիքների մեջ՝ այս անգամ ներկայացնում է ձեզ հյուրանոցի պատերի ձևավորման 5 լավագույն տարբերակները, որոնք առավել նրբագեղ կարող են դարձնել ձեր տան դիզայնը։

3Դ Պանելներ

Խոստովանենք, որ առանց որոշակի ձևավորման պատերն անհետաքրքիր են և այդքան էլ հաճելի զգացողություններ չեն առաջացնում։ Ներկայիս ինտերիեր դիզայնի լուծումների շարքում մեծ տեղ են գրավում 3Դ պանելները։ Այս ժամանակակից կոնցեպտը հաճախ հանդիպում է տեքստուրային ոճով։ Եռաչափ պանելների ճիշտ կիրառությունը կատարյալ մոդեռնիստական ոճ կարող է հաղորդել հյուրասենյակին։ Դրանց միջոցով հնարավոր է ստանալ նաև լույսի և ստվերի գեղեցիկ համադրություն։ Եռաչափ պանելները յուրօրինակ մարտահրավեր են դիզայնի մասին ավանդական պատկերացումներին։ Իրենց ձևով դրանք նաև խորություն են հաղորդում հարթ մակերեսներին։ Կարելի է պանելները կիրառել ինչպես պատի վրա ամբողջությամբ, այնպես էլ միայն որոշ հատվածում։

Խորաքանդակներ

Խորաքանդակները հայտնի են վաղ ժամանակներից, բայց ներկայիս ինտերիեր դիզայնում թարմ մոտեցում են համարվում։ Իրականում, խորաքանդակներ ընտրելը մի փոքր ռիսկային է, ուստի պետք է նախքան վերջնական որոշում կայացնելը հաշվի առնել ինտերիերի ամեն մի մանրուքն ու ոճը։ Խորաքանդակներ նախընտրում են հիմնականում յուրահատկության զգացողության սիրահարները։ Դրանց միջոցով բնապատկերներ կամ աբստրակտ պատկերների լուծումներ ստանալն այսօր լայն տարածում ունի։ Wall Deco-ն նույնպես տարիների իր աշխատանքի ընթացքում կուտակել է խորաքանդակների մեծ պաշար՝ համալրելով տարբեր միջավայրեր ինտերիեր դիզայնի այս յուրօրինակ լուծումով։ Նման օրինակներից մեկն էլ պատկերված է այս լուսանկարում։

Մոլդինգներ և կարնիզներ

Եթե դուք էլ եք նախընտրում համաշխարհային ինտերիեր դիզայնում այսօր լայնորեն կիրառվող ուղղությունը, այն է՝ նեոկլասիկան (ժամանակակից դասական), ուրեմն հավանական է, որ ձեզ դուր կգա հյուրասենյակի պատերը ձևավորել մոլդինգներով ու կարնիզներով։ Սրանց միջոցով հնարավոր է ստանալ ժամանակակից կլասիկայի հետաքրքիր դրսևորում։ Ինչպես լուսանկարի մեջ է երևում, այստեղ մենք նախապատվությունը տվել ենք դասական հատակի, պատերի ու առաստաղի և ոչ այնքան դասական ոճի փայտե կահույքի համադրությանը։

Պաստառներ

Եթե որոշեք ձեր հյուրասենյակի ձևավորումն իրականացնել պաստառներով, ձեր առջև բացվելու է ընտրության շատ լայն հնարավորություն։ Պաստառները զանազան են։ Կան ինչպես հարթ ու անփայլ, այնպես էլ ռելիեֆային, փայլուն ու ամենատարբեր տպագրություններով պաստառներ։ 2020թ.-ին էլ դրանք շարունակում են մնալ ակտուալ ինտերիեր դիզայնում։

Պրինտոգրաֆիա

Շատերին գուցե անծանոթ լինի այս տերմինը, քանի որ այն միանգամայն նոր մոտեցում է 3Դ պանելների ոլորտում և ամբողջ աշխարհում քիչ թվով ընկերություններ են զբաղվում դրա արտադրությամբ։ Ըստ էության, պրինտոգրաֆիան 3Դ պանելների թաղանթապատված տարբերակն է։ Բերենք մեկ օրինակ մեր աշխատանքներից՝ այն ավելի հասկանալի դարձնելու համար։ Լուսանկարում կաշվի տեքստուրայով պրինտոգրաֆիա է։ Հենց դա էլ պատի ձավորումը դարձնում է ինքնատիպ։ Եթե սենյակում լինում են նմանատիպ պատեր, ապա դրանք միանգամից դառնում են կոմպոզիցիոն կենտրոն։

Պատերի ձևավորման տարբերակների մասին շատ երկար կարելի է խոսել։ Իհարկե, սրանք ընդամենն օրինակներ են, որոնք կարող են ձեզ օգնել ինտերիերի ստեղծման բարդ գործընթացում։ Սակայն ինչ էլ որ ընտրելու լինեք, հիշեք, որ բացի արտաքին գեղեցկությունից, կարևոր է նաև աշխատանքի և նյութերի որակը։ Ուստի պետք է ուշադիր լինել՝ ճիշտ և փորձված մասնագետների ընտրության հարցում։