Ճիշտ Լուսավորության Կարևորությունը
4 Պատճառ Ինտերիերում Ճիշտ Լուսավորություն Ստանալու համար (07.14.2020)
Ինտերիեր դիզայնում կարևոր դեր ունի լուսավորությունը, քանի որ այն գեղագիտական գրավչություն ստեղծելու առաջնային գործիքներից մեկն է։ Առանց ճիշտ լուսավորության՝ կիսատ կլինեն թե սենյակի ընդհանուր մթնոլորտը, թե դեկորների արտաքին տեսքը, թե՛ գունային գամման և այլն։ Լուսավորության հետ կապված ամեն մանրուք պետք է հաշվի առնել ցանկացած դիզայներական նախագծի հենց սկզբից։ Այս անգամ առանձնացրել ենք մի քանի պատճառ, որոնցով պայմանավորված է լուսավորության կարևորությունը։
Լուսավորությունն ազդում է տարածքի վրա
Իհարկե, միշտ էլ հնարավոր է ձեռք բերել արհեստական լուսավորություն, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է օգտագործել բնական լույսը։ Եթե սենյակն ունի այնպիսի դիրք, որ բավականաչափ բնական լույս ներս չի ընկնում, ապա լամպեր տեղադրեք առաստաղին, պատերի վրա կամ անկյուններում (նաև որպես ինտերիերի դեկոր)։ Դա նաև օգնում է վիզուալ առումով մեծացնել սենյակը։
Հաճախ փոքր տարածքում չափից շատ կահույքի առկայությունը նույնպես ազդում է լուսավորության վրա։ Իրականում, այն սխալ է նաև ինտերիեր դիզայնի տեսանկյունից։ Պետք չէ իրար գլխի լցնել մի քանի տեսակի աթոռ, բազմոց ու սեղան։ Փոխարենը դասավորեք կահույքն այնպես, որ սենյակում մթնոլորտը լինի թեթև, տեղը՝ ազատ և, իհարկե, լուսավոր։ Անկախ ամեն ինչից՝ բնական լույսն անփոխարինելի է, քանի որ այն նաև ավելի հստակ է ցույց տալիս գույները և ցանկացած դեկորի, իրի մակերես։
Լուսավորությունն առաջին հերթին անհրաժեշտություն է
Ինչպես արդեն նշեցինք՝ ինտերիեր դիզայնը կիսատ է առանց լուսավորության։ Բայց վերջինս կարևոր է ոչ միայն իր ապահոված ընդհանուր տեսքով, այլ նաև գործառույթով։ Կարևոր է հասկանալ՝ ինչ տարածքի մասին է խոսքը։ Օրինակ, աշխատասենյակում պետք է պատշաճ լուսավորություն ապահովել, քանի որ այն կարևոր ազդեցություն ունի աշխատանքի ընթացքի վրա։ Եթե արհեստական լուսավորություն ապահովող սարք եք կիրառում, ընտրեք դրա տեղադրման ճիշտ դիրքը։ Օրինակ՝ պատի վրա այն ամրացնելով՝ սենյակն ավելի ընդարձակ տեսք կստանա։
Լուսավորությունը պետք է ունենա իր ուղղությունը
Ինտերիեր դիզայնում կա դիրքային լուսավորություն հասկացությունը։ Դա այն է, երբ լուսային սարքերը որոշակի հերթականությամբ են տեղադրվում՝ հաջորդելով իրար։ Սա նաև օգնում է ընդգծել սենյակում առկա դեկորները, նրանց տեսքն ու գույնը։ Օրինակ, եթե առաստաղին ամրացնեք իրար հաջորդող լամպեր, սենյակում լուսավորությունը կլինի համաչափ և հավասարապես աչքի կընկնեն բոլոր դեկորներն ու կահույքը։ Դա կօգնի նաև հատակի և առաստաղի միջև ստեղծել լույսի ուղղահայաց ճառագայթներ։
Լուսավորությունն ազդում է գույների վրա
Միջավայրում առկա լույսի քանակությունը կարող է ուժեղացնել կամ թուլացնել գույնի երանգները։ Իրականում, գոյություն ունի color temperature հասկացությունը, որը վերաբերում է հենց գույնի երանգներին և դրանց փոփոխությանը։ Բնակելի և աշխատանքային տարածքներում լույսի կիրառությունն ունի որոշակի տարբերություններ։ Օրինակ, տանը ավելի հարմար է կիրառել, այսպես կոչված, մեղմ սպիտակ լուսային երանգը, իսկ աշխատասենյակներում՝ վառ սպիտակը, քանի որ այն իր մեջ նաև թեթևակիորեն պարունակում է կապույտի երանգներ և հարմար է աշխատասեղանների, գրասենյակային միջավայրի համար։
Գրագետ լուսավորությունն այնքան կարևոր է ինտերիերում, որ գոյություն ունեն հենց դրանում մասնագիտացած դիզայներներ։ Ճարտարապետական ձևավորման գործընթացում նրանք հաշվի են առնում լույսի անդրադարձի հետ կապված ամեն մանրուք՝ տարածքում լույսը հնարավորինս ճիշտ բաշխելու համար։ Եթե ձեր ինտերիերի ձևավորման գործում լուսավորության հետ կապված խնդիրների եք բախվել, ապա անհրաժեշտ կլինի խորհրդակցել մասնագետի հետ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։