Սխալներ ինտերիեր դիզայնում

Որո՞նք են ամենատարածված սխալները ինտերիեր դիզայնում (04.09.2020)

Ինտերիերի կահավորումը բարդ գործընթաց է։ Հատկապես մեր օրերում այնքան շատ են տարբերակները, ոճերն ու մոտեցումները, որ ընտրություն կատարելը վերածվում է իսկական դժվարության։ Յուրաքանչյուր դեկոր պահանջում է ստեղծել կատարյալ համադրություն թե՛ գույնի, թե՛ ձևի, թե՛ դիրքի մեջ։ Շատերը նախընտրում են այդ հարցում վստահել բացառապես դիզայներին։ Մարդկանց մի մասն էլ ինքնուրույն է կահավորում բնակարանը, գրասենյակը կամ իրեն պատկանող մեկ այլ տարածք։ Բայց որքան էլ փորձեք ապավինել ձեր սեփական ճաշակին ու նախապատվություններին, միևնույն է, միշտ հնարավոր է՝ գտնվեն թերացումներ, որոնք «լուրջ խախտում» են համարվում ինտերիեր դիզայնում։ Դրանք երբեմն այնքան փոքր են, որ կարող են աննկատ մնալ ձեր կամ մյուսների կողմից, բայց մասնագիտական աչքից երբեք չեն վրիպի։ Ուստի ինտերիերի կահավորումը լավագույնս կարող է իրականացնել միայն փորձառու դիզայները։ Նա ձեզ կհուշի նաև՝ ինչը ինչի հետ համադրել, ինչ է կարելի և ինչ չի կարելի ինտերիեր դիզայնում, և ի վերջո, խուսափել կոպիտ սխալներից։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մի քանի տարածված սխալներ, որոնք փչացնում են ինտերիերը։

Սենյակը բավականաչափ լուսավոր չէ

Բացի սենյակի՝ արևկող լինելուց և բնական լույսի պաշար ունենալուց կարևոր է նաև արհեստական լուսավորությունը։ Սենյակը՝ տանը, թե աշխատավայրում, պետք է լինի լուսավոր, քանի որ լույսի առկայությունը միջավայրը դարձնում է ավելի հաճելի, ապահովում լավ տրամադրություն և օգնում հեշտ կենտրոնանալ։ Մթությունը վատագույն լուծումն է ինտերիեր դիզայնում։ Խուսափեք գորշությունից, և ընդհակառակը, ամեն ինչ կահավորեք այնպես, որ դիզայնի վերջնարդյունքը դրական զգացողություններ առաջացնի։ Ամերիկյան հանրահայտ Insider լրատվականը գրում է, որ հավելյալ լույսը ոչ միայն տեսանելի է դարձնում ամեն ինչ, այլ դարձնում է տարածքն ավելի դինամիկ։

Pexels.com
Կահույքը կամ շատ մեծ է կամ՝ շատ փոքր

Շատերի կարծիքով՝ որքան մեծ լինի կահույքը, այնքան այն ավելի շքեղ կերևա։ Բայց դա իրականում սխալ մոտեցում է։ Առաջին հերթին կահույքի չափսերը պետք է հարմարեցնել սենյակում առկա դեկորներին և սենյակի ընդհանուր մեծությանը։ Մյուս կողմից շատ փոքր կահույքն էլ նախընտրելի չէ։ Այստեղ պետք է գտնել ոսկե միջինը։ Ինտերիեր դիզայնում խիստ տարածված սխալ է գնել կահույք, որն իր չափերով անհարմարություն է ստեղծում իր միջավայրում։ Ուստի նախքան վերջնական ընտրություն կատարելը հաշվի առեք ձեր ինտերիերի բոլոր մանրուքները։

Modernfurniture4home.com
Վարագույրները շատ ցածր են կախված

Շատերը վարագույրները կախում են անմիջապես պատուհանից վերև, բայց դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Վարագույրները պետք է կախել առաստաղից։ Այդպիսով պատուհանները ևս բավականին մեծ կերևան։ Նաև կարևոր է այնպես անել, որ վարագույրի ծայրերը հասնեն հատակին, այլապես ինտերիերի ընդհանուր պատկերը կիսատ կլինի։ Նաև կարևոր է, թե ինչ վարագույր եք ընտրում և ինչ կտորից է այն, քանի որ դրա հետևանքով լույսը կարող է չափից շատ կամ չափից քիչ հայտնվել սենյակում։

blog.kwikhang.com
Պատերի վրա ոչ մի դեկոր չկա

Իհարկե կան մարդիկ, ովքեր մինիմալիստական ոճի սիրահարներ են, սակայն պատերը «մերկ» թողնելը լավագույն լուծումը չէ ինտերիեր դիզայնում։ Դրանք կարելի է զարդարել նկարներով, պատի դեկորներով՝ ժամացույց, շրջանակ և այլն, կամ ժամանակակից 3Դ պանելներով, ինչին Wall Deco-ն մեծ տեղ է հատկացնում։ Կարևոր է նաև հաշվի առնել մի հանգամանք պատերի ձևավորման դեպքում։ Եթե նախատեսում եք կտավներ կախել պատերից, ապա խուսափեք դրանք շատ բարձր կախելուց, քանի որ դա դժվարացնում է տեսանելիությունը։ Փորձեք դրանք կախել այնպես, որ նայողին հարմար լինի։

Housebeautiful.com
Գորգի չափսը սխալ է ընտրված

Գորգերը երկար տարիներ ընդունված են եղել ինտերիեր դիզայնում։ Այսօր էլ դրանք շարունակում են մնալ արդիական։ Բայց դրանց չափսերը կախված են տարածքից։ Այսպես, եթե խոսքը հյուրասենյակի մասին է, ապա պետք է ընտրել մեծ չափսի գորգ՝ այնպիսին, որը կընդգրկի հատակի մեծ մասը։ Փոքր գորգերն ավելի նախընտրելի են խոհանոցում, ննջասենյակում կամ այլ տեղ։ Դիզայներ Էմիլի Հենդերսոնի կարծիքով՝ յուրաքանչյուր տան համար դեկորի ճիշտ չափս ընտրելը բարդ գործընթաց է. «Հյուրասենյակի գորգը պետք է անպայման ընդգրկի հատակի այն տարածքը, որտեղ մարդիկ նստած են։ Մեծ գորգը կարծես ցույց է տալիս, որ հենց սա է այն վայրը, որտեղ մարդիկ զրուցում են իրար հետ։ Մինչդեռ փոքր գորգը ստեղծում է այդ ամենին անմասն մնալու զգացում»,- նշել է նա։ Իհարկե, ցանկացած սխալ կարելի է ուղղել, պարզապես որոշները՝ հեշտությամբ, իսկ մի մասն էլ՝ դժվարությամբ։ Երբ խոսքը վերաբերում է դեկորներին, կարելի է դրանք արագ փոխարինել մեկ ուրիշով։ Բայց եթե, օրինակ, ընտրել եք սխալ պաստառ կամ պանել, կամ ձեզ դուր չի գալիս պատերի գույնը, ապա այդ ամենը փոխելը որոշ բարդություններ կարող է առաջացնել։ Ինչ էլ որ անելու լինեք, միշտ հաշվի առեք մասնագետի կարծիքը, խորհրդակցեք ինտերիեր դիզայների հետ, որպեսզի հնարավորինս խուսափեք հետագա դժվարություններից։