Գրագետ Գունավորման Կարևորությունը
Գրագետ Գունավորման Կարևորությունը Բնակելի Տարածքում (06.29.2020)
Գույները կարևոր դեր ունեն դիզայնում։ Դրանք ազդում են մեր տրամադրության և զգացողությունների վրա, փոխում միջավայրի ընդհանուր մթնոլորտը։ Կարևոր չէ՝ ինչ տարածքի մասին է խոսքը, գույները պետք է միշտ ընտրված լինեն ճիշտ և տեղին։ Բնակելի տարածքում գույների կիրառումը որոշ չափով տարբերվում է մնացածից։ Այստեղ գործում են մի շարք կանոններ, որոնց հետևելը կօգնի ձեզ գեղեցիկ ինտերիեր ստանալ և համադրել ճիշտ ընտրված գույները։
Գույների անիվ
Գույների մասին խոսելիս շատ կարևոր է անդրադառնալ գույնի տեսությանը, որը լավագույնս պատկերված է գույների անիվի վրա (color wheel): Վերջինս գույների սխեմա է, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե որ գույնը որի հետ է ճիշտ համադրելը։ Այլ կերպ ասած՝ այն հենց գույնի տեսությունն է։ Գույների անիվը բոլոր դիզայներների սիրելի գործիքներից մեկն է, որն օգնում է կողմնորոշվել և խուսափել դիզայնում կոպիտ սխալներ թույլ տալուց։
Գծապատկերի ճիշտ ընկալումը կօգնի ձեզ ավելի հեշտությամբ ընտրել գույներ ձեր բնակարանի համար։ Սև սլաքները ցույց են տալիս 3 բնական գույները՝ կարմիրը, դեղինը և կապույտը։ Այս գույները հրաշալիորեն համադրվում են իրար հետ։ Դրանք հնարավոր չէ ստանալ ուրիշ գույների խառնուրդից, սակայն մյուս բոլոր գույները կարող եք ստանալ այս 3 բնական գույների խառնուրդից։ Մոխրագույնով նշված են, այսպես կոչված, երկրորդական գույները, որոնք հնարավոր է ստանալ իրար հարևան գույների խառնուրդից (օրինակ՝նարնջագույնն իր երանգներով հնարավոր է ստանալ կարմիրի ու դեղինի խառնուրդից)։
Որպես կանոն՝ իրար հետ լավագույնս համադրելի են այն գույները, որոնք գծապատկերի մեջ ընկած են միմյանց դիմաց։ Օրինակ՝ դեղինը համադրելի է մանուշակագույնի հետ, նարնջագույնը՝ կապույտի, կանաչը՝ կարմիրի և այլն։
Ճիշտ գույներ տան համար
Գույների էմոցիոնալ ազդեցությունը մարդու վրա շատ մեծ է։ Յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը, կիրառության սահմանափակումները և կարող է տարբեր տրամադրություններ հաղորդել։ Տան ինտերիերում մարդկանց ճաշակները տարբեր են։ Ոմանք նախընտրում են տանը կիրառել բաց գույներ, որ տարածքը հնարավորինս լուսավոր ու դրական լինի, ոմանք էլ սիրում են մուգ գույներ։ Գույնի գրագետ և ճիշտ կիրառությունը կարևոր է նաև նրանով, որ կարող է տարածքը դարձնել ավելի ընդարձակ կամ փոքր։ Օրինակ, կապույտ, կանաչ կամ մանուշակագույն ներկելու դեպքում փոքր սենյակներն ավելի մեծ են երևում, իսկ տաք գույները, ինչպես օրինակ՝ կարմիրը, նարնջագույնը կամ դեղինը էներգիա են հաղորդում տարածքին։ Կարևոր է յուրաքանչյուր գույնի երանգների հետ ճիշտ աշխատելը։ Դրանց միջոցով հնարավոր է համադրել լույսն ու ստվերը։ Օրինակ, կապույտը (հատկապես բաց երանգները) համարվում է հանգստացնող գույն։ Ինտերիերում այն հաճախ են կիրառում լոգասենյակում կամ ննջարանում։
Բնակարանում ճիշտ գունային գամմա ստանալու համար լավ տարբերակ է միևնույն գույնի տարբեր երանգների կիրառումը։ Ժամանակակից ինտերիեր դիզայնում ընդունված է խոհանոցում տաք գույների կիրառումը, օրինակ՝ կանաչ կամ դեղին։ Մուգ գույների դեպքում (սև, շագանակագույն ևն) տարածքն անհամեմատ ավելի փոքր է երևում, մինչդեռ չեզոք գույների մեջ (սպիտակ, մոխրագույն, բաց կանաչ) խոհանոցը դառնում է լուսավոր ու ընդարձակ։
Եթե ուզում եք գույների հակադրություն (կոնտրաստ) ստանալ, կարող եք օգտագործել անիվի վրա իրար կողքի գտնվող գույները։ Սա հատկապես գեղեցիկ է, երբ տարածքը ձևավորված է մոլդինգով։
Ի դեպ, սենյակին ավելի ընդարձակ տեսք հաղորդելու համար առաստաղը կարող եք ներկել պատերի համեմատ ավելի բաց գույնով։ Իսկ եթե ուզում եք, որ սենյակը համեմատաբար փոքր երևա, պատերից մեկը կարող եք մուգ գույնով ներկել։
Եթե, այնուամենայնիվ, չեք կողմնորոշվում՝ ինչպես համադրել գույները, խորհրդակցեք փորձառու դիզայների հետ, ուսումնասիրեք տարբերակներ, որպեսզի վիզուալ պատկերացնեք՝ ինչ տեսք կարող է ունենալ ձեր բնակարանը։ Գույների ընտրությունը պետք է լինի մտածված։ Ընտրեք գույներ, որոնք ձեզ հոգեհարազատ են և ձեզ դրական էմոցիաներ են հաղորդում։